Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը չինական Գուանդուն նահանգի հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն օգոստոսի 22-ին հանդիպեց Գուանդունի փոխնահանգապետ Սյաո Չժիհենի հետ: Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար` նշելով, որ այս խաղերի ընթացքում Հայաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Գուանդուն նահանգի միջև համագործակցության հնարավորություններին և ուղղություններին վերաբերող հարցեր: Սյաո Չժիհենը նշեց, որ Գուանդուն նահանգը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, և փոխշահավետ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնեց: Նահանգում մտադիր են զարգացնել զբոսաշրջությունը, և փոխգործակցության համար հեռանկարային համարվեցին ինչպես այդ, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ եղավ նաև գյուղատնտեսության ոլորտի վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` Հայաստանից Գուանդուն արտահանման հարցերին:

Հանդիպմանն առանձին քննարկվեց Հայաստանում իրականացվող ծրագրերին Գուանդունի ընկերությունների մասնակցության հարցը` հաշվի առնելով, որ նահանգում գործում են տեխնոլոգիական և մեքենաշինական խոշոր ընկերություններ: Խոսվեց նաև ՀՀ մարզերի և Գուանդունի միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման մասին: ԱրմենԳևորգյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանների միջև ուղիղ շփումների հաստատմամբ և փոխնահանգապետին հրավիրեց Հայաստան` հնարավորություններին տեղում ծանոթանալու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---