Ռիկարդոնեից պահանջվեց մեկ շաբաթ Թուրքիայի հայկական եկեղեցիների մասին իր սխալն ուղղելու համար

Ռիկարդոնեից պահանջվեց մեկ շաբաթ Թուրքիայի հայկական եկեղեցիների մասին իր սխալն ուղղելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն նամակ է ուղղել ԱՄՆ Կոնգրեսին, որում բացատրել է իր հայտարարության իմաստը Թուրքիայի տարածքում 1915-ից հետո գործող հայկական եկեղեցիների քանակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Armenia Weekly-ն, Ռիկարդոնեի նամակում նշվում է. «Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների մեծամասնությունը ներկա պահին չեն գործում։ Դրանց մի մասում ծառայություններ չեն մատուցվում երկրում հոգևորականների սակավաթիվ լինելու պատճառով, մյուս մասն ուղղակի փակ է կամ վերածվել է մզկիթի»։

«Ֆրենսիս Ռիկարդոնեից պահանջվել է մեկ շաբաթ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների մասին թյուր տեղեկատվությունն ուղղելու համար։ Սակայն ուղղված տեքստում չկան կոշտ և դիպուկ հայտարարություններ քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականության մասին»,- նշել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ պահանջելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենիս Ռիկարդոնեից ներողություն խնդրել այն հայտարարության համար, թե Թուրքիայի տարածքի քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը, որոնք գործել են մինչ 1915թ., շարունակում են գործել նաև այժմ: «Ռիկարդոնեն ապատեղեկատվություն է տարածում, ինչն, անկասկած, նպաստում է թուրքական իշխանությունների դիրքորոշման ամրապնդմանը Ցեղասպանության ուրացման հարցում»,-ասել է ANCA ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը: Ավելի վաղ ANCA-ն վրդովմունք էր հայտնել Ռիկարդոնեի այդ հայտարարության վերաբերյալ: «Դեսպանի ակնհայտ սուտ հայտարարությունը անտարբերության նշան է ոչ միայն Օսմանյան կայսրությունում քրիստոնեական եկեղեցիների ոչնչացման քաղաքականության հանդեպ, այլ նաև Ցեղասպանության զոհ գնացած միլիոնավոր սպանված քրիստոնյաների հանդեպ, որոնց համար այդ եկեղեցիները սրբություններ էին»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա ասել է, որ կարևոր չէ, թե այդ պնդումները կապված են տեղեկատվության բացակայության, թե պատմական փաստերի խեղաթյուրման հետ: Ըստ Համբարյանի, և այդ, և այլ դեպքերում պարզ է դառնում, որ Ռիկարդոնեն ի վիճակի չէ ներկայացնելու ամերիկյան արժեքներն ու շահերը Թուրքիայում:

Պատասխանելով սենատոր Մենենդեսի գրավոր հարցմանն այն մասին, թե քանի քրիստոնեական եկեղեցի է գործել ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչ 1915թ., դեսպան Ռիկարդոնեն պատասխանել է, թե դրանց մեծ մասը գործում է մինչ օրս: Ըստ պատմական աղբյուրների, մինչ 1915թ. Թուրքիայի տարածքում գործող շուրջ 2000 եկեղեցիներից այսօր գործում է միայն 50-ը:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ ԱԳՆ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումները, որտեղ կարող են ընդգրկվել 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---