23 օգոստոսի 2011 - 13:20 AMT
Թումո կենտրոնում 6 օրերի ընթացքում գրանցվածների 63%-ը տղաներ են

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ սաների անդամների գրանցման առաջին իսկ օրվանից`օգոստոսի 15-ից սկսած մինչև օգոստոսը 22-ը ներառյալ, 6 աշխատանքային օրերի ընթացքումգրանցվել է մոտ 1700 պատանի:

Գրանցվածների 63%-ը տղաներ են, իսկ մնացած 37%-ը աղջիկներ։ Ըստ տարիքի գրանցվածների զգալի մասը 14-ից 15 տարեկան պատանիներն են։ 12 տարեկանները կազմում են 15%, 13 տարեկանները 18%, 14 տարեկանները 21%, 15 տարեկանները 20%, 16 տարեկանները 13%, 17 տարեկանները 8%, իսկ 18 տարեկանները 5%։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին։

Թումո կենտրոնի սան կարող է դառնալ 12-18 տարեկան յուրաքանչյուր երեխա։ Կենտրոնում ուսումն անվճար է։ Գրանցվելու համար անհրաժեշտ պայմաններից է ծնողների ներկայությունը. գրանցվողի և ծնողների ստորագրությամբ կնքվում է պայմանագիր։ Անհրաժեշտ է ներկայացնել մի քանի փաստաթուղթ և 10 000 դրամ դեպոզիտ տրամադրել։

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է, նախատեսված է կրկին 500 երեխայի համար։