23 օգոստոսի 2011 - 17:13 AMT
ՀՀ փոխվարչապետը ՉԺՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարի հետ քննարկել է Հայաստանում իրականացվելիք ծրագրերը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Չինաստանի Շենժեն քաղաքում գտնվող չինական «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպեց առաջին ընկերության փոխնախագահ Գո Տիանմինի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարության մամլո ծառայությունը։ Ընկերությունը համարվում է աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը, այն լայն գործունեություն է ծավալում ԱՊՀ մի շարք երկրներում և արդեն մեկ տարի է, ինչ ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում: Գործակցության սկիզբը դրվել է հայկական կողմի հետ անցած տարի ստորագրված համագործակցության մտադրությունների մասին հուշագրով:

Գո Տիանմինը ՀՀ փոխվարչապետին ներկայացրեց Հայաստանում իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու անելիքները, անդրադարձավ զարգացման հեռանկարներին:

Ընկերությունն աշխատում է «Վիվասել-ՄՏՍ» ընկերության հետ, սակայն մտադիր է ընդլայնել գործունեությունը: Զրուցակիցները քննարկեցին գործակցության ուղղությունները: Մասնավորպես անդրադարձ եղավ Հայաստանում իննովացիոն ծրագրերի ստեղծման և մշակման կենտրոններ հիմնելու, Երևանի քաղաքապետարանի հետ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին և այլ հարցերի: Արմեն Գևորգյանը ողջունեց ընկերության մտադրությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցելու նոր նախաձեռնություններին:

«Հուավեյ» ընկերությունը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր և այլն: Այն դինամիկ զարգացող ընկերություն է և մտադիր է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին զբաղեցնել առաջին տեղը: