23 օգոստոսի 2011 - 21:40 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծել է Ս. Հրեշտակապետաց եկեղեցու խաչերը

Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հարևանությամբ կառուցված Ս. Հրեշտակապետաց եկեղեցու խաչերի օծման արարողությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից տեղեկացնում են, որ եկեղեցականների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից առաջնորդել է դեպի նորակառույց եկեղեցի, ուր եկեղեցու առջև դրված խաչերի մոտ սկսվել է օծման արարողությունը: Սաղմոսների ներքո եկեղեցականները ջրով և գինով լվացել են եկեղեցու խաչերը, ապա սուրբգրային ընթերցումներից և աղոթքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծել է եկեղեցու գմբեթի խաչը:

Արարողության ավարտին ներկաներին իր օրհնության խոսքն է ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով արարողության առիթով` Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է. «Ահա այն գեղեցիկ պահն է, երբ խաչերի օրհնությունից հետո հավատավոր զավակները կարող են մոտենալ և երկրպագել օծյալ այս խաչերին` հաղորդակից դառնալով այն առատ օրհնությանը, որ ճառագում է խաչերից դեպի ձեզ»:

Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2007 թվականի սեպտեմբերի 10-ին: Եկեղեցու բարերարն է Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, եկեղեցու ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը: Շինարարությունն իրականացնում է «Հորիզոն 95» ՍՊԸ-ն: