24 օգոստոսի 2011 - 16:24 AMT
Ջոն ՄակՔեյնը Ռուսաստանին, Չինաստանին և Սիրիային սպառնում է լիբիական սցենարի կրկնությամբ

Ամերիկյան հայտնի սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն ՄակՔեյնը ամերիկյան և բրիտանական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցներում Ռուսաստանին, Չինաստանին և Սիրիային սպառնում է լիբիական սցենարի կրկնությամբ: «Հեղափոխությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Թունիսում մի երիտասարդ ողջակիզեց իրեն, դրանից հետո հուզումների ալիքը սկսեց տարածվել ողջ արաբական աշխարհում, ինչպես նաև աշխարհի մյուս ծայրերում: Ես կարծում եմ, որ չինական ղեկավարությունն այլևս իրեն այդքան վստահ չի զգում, ինչպես նախքան այդ իրադարձությունները: Նույնը կարելի է ասել նաև աշխարհի մյուս դիկտատուրաների մասին»,- հայտնել է ՄակՔեյնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ելույթ ունենալով Fox News-ի եթերում` նա ճշտել է, որ Քադդաֆիից հետո հաջորդը կարող է դառնալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, բացի դրանից, հուզումներ կարող են սկսել Չինաստանում և Ռուսաստանում: «Մարդիկ ազատության են ձգտում: Եվ դա հենց այն է, ինչ հենց նոր ձեռք են բերել լիբիացիները»,- նշել է սենատորը: ՄակՔեյնը Sky News-ին տված հարցազրույցում նաև հայտնել է, որ Լիբիայում հակամարտությունը կարող էր շատ ավելի վաղ ավարտվել, եթե ամերիկացիները չկիրառեին «իրենց ողջ ռազմաօդային հզորությունը»: «Դա կխնայեր բազմաթիվ լիբիացիների կյանքը»,- հավելել է նա:

Այս տարվա փետրվարին ՄակՔեյնն արդեն ասել էր, որ Վլադիմիր Պուտինին կարող է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը սպասել: «Եթե ես լինեի Վլադիմիր Պուտինը, ապա ինձ պակաս ինքնավստահ կպահեի` գտնվելով Կրեմլում իմ ՊԱԿ-ի ընկերների հետ»,- հայտնել է սենատորը: Այդ խոսքերը բավական կտրուկ արձագանք էին ստացել Մոսկվայում: «Նման զուգահեռները կարելի է անվանել ոչ այլինչ, քան անտեղյակություն: Պուտինը վաղուց արդեն «չի նստում Կրեմլում», առավել ևս` իր ՊԱԿ-ի ընկերների հետ, ինչպես պնդում է ՄակՔեյնը: Վլադիմիր Պուտինը արդեն մի քանի տարի աշխատում է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում»,- հայտնել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ուտռո.ռու-ն: