24 օգոստոսի 2011 - 18:05 AMT
«Չենք լռելու»-ն պատրաստվում է աղանդների մասին 5 բացառիկ տեսանյութ հրապարակել

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ցանկություն չունի մեկնաբանելու «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «սենսացիոն» տեղեկությունն այն մասին, թե նախաձեռնությունը գաղտնի ֆինանսավորվում է Մայր Աթոռի կողմից: Ինչպես հաղորդում են նախաձեռնության մամլո ծառայությունից, «Չենք լռելու»-ն մեկ ամիս առաջ էլ չէր մեկնաբանում պնդումները, թե ինքը «մեծ ֆինանսավորում ունի մութ ուժերից». «Ոչ մի էժանագին սենսացիա չի կարող ստիպել երիտասարդական նախաձեռնությանը որևէ կերպ փոխել իր սկզբունքներն ու աշխատելաոճը»:

Նախաձեռնության կողմից ինչպես քննադատվել, այնպես էլ քննադատվելու է Գարեգին Բ-ի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու վերնախավում գտնվող մի շարք հոգևորականների «բացարձակ անհաղորդությունը ներհասարակական կյանքին, նրանց կողմից հարյուրավոր հնադարյան սրբավայրերի փրկման խնդրի անտեսումը, աղանդների կարգավիճակը բարելավող օրինագծի ընդունմանն ընդառաջ հանցավոր լռությունը»:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ որպես երևույթ ինչպես քարկոծվել, այնպես էլ քարկոծվելու են հայի ինքնությունը քայքայող օտարածին աղանդները, և «Չենք լռելու»-ն մոտակա օրերին սկսելու է աղանդների մերկացման լայնածավալ ծրագիր` «5 բացառիկ տեսանյութերի հրապարակմամբ»:

Միաժամանակ «Չենք լռելու»-ն պաշտոնապես հայտարարում է, որ մինչ օրս որևէ մեկի կողմից ֆինանսական որևէ օժանդակություն չի ստացել: Չնայած դրան նախաձեռնությունը պատրաստ է քննարկել այդպիսի օժանդակության առաջարկներ կոնկրետ ծրագրերի շրջանակում իր մտահոգությունները կիսող անհատների և կազմակերպությունների կողմից:

«Չենք լռելու»-ն հատուկ շնորհակալություն է հայտնում «Հրապարակ» օրաթերթին` նախաձեռնության «համեստ արժանիքներն այդքան բարձր գնահատելու համար» և նշում` հիմնադիր խմբի անդամներին հաճելի է, որ իրենց էնտուզիազմի հաշվին ծավալած գործունեությունն այնպիսի մեծ հասարակական հնչեղություն է ստացել, որ ոմանք համոզված են, թե նախաձեռնության ետևում «լուրջ ուժեր» են կանգնած: