24 օգոստոսի 2011 - 18:55 AMT
ԿԱՐԾԻՔ
Արզնին ընդդեմ Ջերմուկի կամ երկուսն ընդդեմ լրագրողների

Պարզվում է, որ գազավորված հանքային ջուր արտադրող հայկական 2 խոշոր ընկերությունները` «Արզնին» և «Ջերմուկը», մրցում են ոչ միայն սպառողական շուկայում, այլև մամլո ասուլիսների սրահում:

Այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիսին սպասող լրագրողները մոռացել էին, թե ինչու են հավաքվել, և ելք էին որոնում ստեղծված իրավիճակից: Իսկ իրավիճակը հետևյալն էր` «Ուրբաթ» ակումբի հովանավորը «Ջերմուկ գրուպն» է, իսկ բանախոս Վարդան Գրիգորյանի կազմակերպած «Երևանի ամառային երաժշտական փառատոն 2011»-ինը` «Արզնին»: Փառատոնի ներկայացուցիչն ու ակումբի տնօրինությունը մոտ 20 րոպե բանավիճեցին, թե որ ընկերության ջուրը պետք է դնել սեղանին և ում պաստառը պետք է երևա ասուլիսի սրահում` այսպիսով լրագրողներից խլելով ժամանակ ու նյարդեր:

20 րոպե անց հայտարարվեց, որ ասուլիսը չի կարող տեղի ունենալ «Ուրբաթ» ակումբում, և լրագրողները ստիպված էին դրսում, արևի տակ, շինարարության աղմուկի միալար ուղեկցությամբ ստանալ իրենց այդքանից հետո այլևս չհուզող հարցերի պատասխանները:

Ո՞վ է մեղավոր: «Ուրբաթ» ակումբի տնօրինությո՞ւնը, որը չի զգուշացնում իր հովանավորների մասին, թե՞ փառատոնի կազմակերպիչները, որ նախօրոք չեն նշում իրենց պայմանները: Թերևս, երկուսն էլ թերացել են… Հուսանք` փառատոնն էլ այսքան անկազմակերպ չի լինի:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News