25 օգոստոսի 2011 - 14:19 AMT
ՀՀԿ-ից պատգամավորը բացառում է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայ հասարակության համար ձեռնտու է համարում իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև քաղաքական երկխոսության ներկայիս գործընթացը: «Ես միանշանակ դրական եմ գնահատում երկխոսությունը»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով, ավելի լավ է բանակցությունների սեղանի շուրջ նստել, քան փորձել ուժային տարբերակով լուծել այդ ուժերի միջև առկա հակասությունները: Նա ավելացրել է, որ այդ երկխոսությունը կամ հասարակությանը կբերի այն գիտակցությանը, որ անհրաժեշտ է այլընտրանքային քաղաքական ուժեր փնտրել և օժանդակել, կամ էլ, երկխոսության գործընթացի հաջողության դեպքում, կհանգեցնի Հայաստանում քաղաքական ուժերի խոշորացմանը, ինչը նույնպես, Մելիքյանի կարծիքով, դրական է: Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսության գործընթացի շրջանակում բանակցությունների օրակարգին, ապա, Մելիքյանի կարծիքով, այն բոլորովին անօգուտ և անարդյունք է, քանի որ դրանում խոսք չի գնում ընտրությունների ժամանակ խախտումների հանգեցնող պատճառների մասին: Նա նկատել է նաև, որ այժմ կողմերը շատ հեռու են համաձայնություններից և ընդհանուր որոշումներից: Մելիքյանն ընդգծել է, որ ինքը ծայրահեղ հոռետես է երկրում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության հարցում:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին հայտնել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված է: Նա համաձայնել է նաև այն կարծիքի հետ, որ քաղաքական երկխոսությունն օգտակար և անհրաժեշտ է հասարակությանը: Ինչ վերաբերում է իշխանություն-ՀԱԿ բանակցություններում շեղմանը ընդունված օրակարգից` կապված ՀԱԿ ակտիվիստների ձերբակալման հետ, ապա, Մինասյանի խոսքով, որոշակի իրադարձություններ են կատարվում, որոնք, բնականաբար, պետք է քննարկվեն:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանա ուրբաթ օրը` օգոստոսի 26-ին: