WikiLeaks. Մարի Յովանովիչը 2009-ին ենթադրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ՀՀ-ում քչանում են

WikiLeaks. Մարի Յովանովիչը 2009-ին ենթադրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ՀՀ-ում քչանում են

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որում տեղ է գտել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հեռագիրը` «Լևոն Տեր-Պետրոսյանը Սարգսյանին դավաճան է անվանում Ցեղասպանության ճանաչման հարցում» խորագրով: Իր հեռագրում Յովանովիչը, մասնավորապես, նշել է, որ Լևոն Տեր- Պետրոսյանը 2009 թվականի մայիսի 1-ին ՀԱԿ երկրորդ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրեց իշխանությունը պահելու համար միջոցներ չխնայելու մեջ, անգամ Հայոց ցեղասպանության ուրացման գնով, ինչի ապացույցը, ըստ Լևոն Տեր Պետրոսյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ապրիլի 22-ի` Թուրքիայի հետ համատեղ հայտարարությունն էր։ «Հանրահավաքը կայացել էր մայիսի 2-ի նախօրեին, և չնայած ընդդիմության պնդումներին այն մասին, թե հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գնահատմամբ, մարդկանց թիվը չի գերազանցել 8000-ը»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը փաստաթղթում ներկայացրել է նաև Տեր-Պետրոսյանի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության լուծման և Հայաստանում տնտեսական ճգնաժամի վերաբերյալ: Նրա խոսքով, ընդդիմությունը բողոքում էր, որ հանրահավաքի մասնակիցների թիվը կրճատվել է, քանի որ ոստիկանությունն արգելափակել է ճանապարհները, ինչն իր հերթին խոչընդոտել է Հայաստանի մարզերի բնակիչներին ժամանելու մայրաքաղաք: Հեռագրում նաև պնդվում է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ մայիսի 2-ին հաղորդել են, որ Երևան տանող շատ ճանապարհներ արգելափակված են եղել, իսկ տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է մինչև 5 ժամով, երբ հանրահավաքն արդեն ավարտվել էր: Սակայն Ոստիկանության պետը հերքեց այդ տեղեկատվությունը դեսպանի հետ խոսակցության ժամանակ:

«Որոշ լրագրողներ պնդում էին, որ մի խումբ քաղաքացիական հագուստով տղամարդիկ խոչընդոտել են իրենց լուսանկարել ստիպված վերադարձած հասարակական տրանսպորտի վարորդներին և ուղևորներին կամ մեկնաբանություններ վերցնել նրանցից: Այնուամենայնիվ, ոստիկանությունը հերքել է այդ տեղեկատվությունը` պնդելով, որ իրենք իրենց սովորական աշխատանքն են կատարել` որոնելով ապօրինի զենք»,- ասվում է ամերիկյան դիվանագետի հաղորդագրության մեջ:

Մարի Յովանովիչը նշել է նաև, որ Հայաստանի նախագահին Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի առնչությամբ քննադատելիս Տեր-Պետրոսյանի տոնը պակաս հոգնական էր, քան նախկինում: «Այնուհետև Տեր-Պետրոսյանը փորձել է ուժեղացնել ազդեցությունը` այս հարցի առնչությամբ խիստ քննադատելով երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և հայկական Սփյուռքին, սակայն, չնայած այդ ամենին, նրա հայտարարությունները չօգնեցին»,- ընդգծել է նա: Այնուամենայնիվ, Հայաստանում ԱՄՆ դեսպանը նկատել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը արտացոլում են Հայաստանում լայն տարածում գտած այն կարծիքը, որ թուրք դիվանագետները Սերժ Սարգսյանից խորամանկ են գտնվել` խոչընդոտելով Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և փոխարենը ոչինչ չտալով:

«2008թ. Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի հանրահավաքների համեմատ մայիսի 1-ի հանրահավաքը զգալիորեն պակաս ակտիվ էր»,- նշել է նա` ավելացնելով, որ չնայած արգելափակված ճանապարհները, հնարավոր է, խանգարել են ընդդիմության կողմնակիցներին մարզերից ժամանել մայրաքաղաք, ՀՀ առաջին նախագահին սատարող հիմնական մասը, բնակվում է Երևանում: «Եղանակը տաք էր, ինչպես նաև տոն էր, ինչը իդեալական պայմաններ է ստեղծում մեծ քանակությամբ մարդկանց համար: Թեև ոչ ոք չի կարող խանգարել խորամանկ նախկին նախագահին, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի համախոհները կորցնում են իրենց վստահությունն ընտրություններում հաղթանակ տանելու` նրա հնարավորությունների նկատմամբ»,- ամփոփել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---