26 օգոստոսի 2011 - 12:14 AMT
«Ալմաստ գործարանը» չի սահմանափակվում իր արտադրանքը միայն իրանական շուկա արտահանելով

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցել է «Ալմաստ» գործարան, որտեղ ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորությունների հետ: «Ալմաստ» գործարանը հիմնվել է 1964-ին` որպես արհեստական ալմաստափոշիների սինթեզի և քարի ու բնական ոչ մետաղական նյութերի մշակման համար կտրող-հղկող գործիրքներ արտադրող ձեռնարկություն: Այսօր գործարանում կայանալու է խորհրդակցություն ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը թույլ է տալու կառավարությանը բացահայտել առկա խնդիրները և լուծման ուղիներ գտնել` ունեցած մեխանիզմների կիրառմամբ:

«Մեզ հաջողվել է իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ ապահովել արտադրական ծավալների աճ»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի տնօրեն Վահրամ Թեփելիկյանը:

Այս շուկայից բացի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի, Վրաստանի շուկաներ, հիմա աշխատանքներ են տարվում Եվրոպայի երկրների շուկաներում այն իրացնելու ուղղությամբ:

Հունվար-հուլիս ամիսներին թողարկվել է 81,5 մլն դրամի արտադրանք, իրացվել է 77 մլն դրամի արտադրանք (աճի տեմպը` 179,2 տոկոս), որից 29,4 մլն դրամ կազմել է արտահանումը (աճը` 12 անգամ): Ընկերությունում աշխատում է 65 մարդ` 80 հազար դրամ միջին աշխատավարձով: