26 օգոստոսի 2011 - 12:25 AMT
Դավիթ Հարությունյան. ՀԱԿ քայլը քաղաքական դեմարշ է, որը դուրս է գալիս էթիկայի շրջանակներից

ՀԱԿ հրաժարվելը քաղաքական երկխոսության շրջանակներում բանակցությունների հերթական փուլին մանակցելուց քաղաքական դեմարշ է, որը դուրս է գալիս էթիկայի շրջանակներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունւանը: «Ես դա համարում եմ քաղաքական դեմարշ: Ցավում եմ այդ դեմարշի համար և կարծում, որ այն դուրս է գալիս էթիկայի շրջանակներից»,- նշել է Հարությունյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ ներկայացուցիչները ոչ մի հիմնավորում չեն բերել բանակցությունների հերթական փուլը չեղյալ հայտարարելը բացատրելու համար, ինչպես նաև կարող էին նախօրոք զգուշացնել, որ հանդիպումը չի կայանալու:

Նա նշել է, որ կոալիցիայի ներկայացուցիչներն իրենց երբեք նման բան թույլ չեն տվել: Ինչ վերաբերվում է քաղաքական երկխոսության գործընթացի հեռանկարներին և և դրա լիովին կախվածությանը ՀԱԿ կամքից և ցանկությունից, ապա Հարությունյանի խոսքով, երկխոսության գործընթացը միակողմանի չի լինում և կախված է երկու կողմերի կամքից: «Տանգո մենակ չեն պարում»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ ՀԱԿ-ը քաղաքական կամք չունի այդ գործընթացը պատշաճ մակարդակով շարունակելու համար:

Հանդիպումը չեղյալ հայտարարելը կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի հետ կապելու մասին հարցը Հարությունյանն առաջարկել է պարզաբանել ՀԱԿ ներկայացուցիչներից: Նա միայն նշել է, որ անցյալ շաբաթ կոալիցիայի ներկայացուցիչները հստակ նշել են, որ ընթացող քաղաքական գործընթացը ոչ մի կերպ կապված չէ իրավական գործընթացների հետ:

Իշխող կոալիցիայի և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսության շրջանակներում հուլիսի 18-ից սկսվել են նրանց աշխատանքային խմբերի հանդիպումները:

Գործընթացում որոշակի բարդություններ են ծագել օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունից հետո:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: