26 օգոստոսի 2011 - 12:49 AMT
Տիգրան Դավթյան. Հայաստանը եղել է, կա և կլինի արդյունաբերական երկիր

Վերջին միտումները վկայում են այն մասին, որ Հայաստանի կառավարության թիրախային մոտեցումը, այդ թվում` աջակցությունն արդյունաբերական ոլորտին, թույլ կտան այս տարվա վերջին պահպանել աճի երկնիշ ցուցանիշը: Այդ մասին օգոստոսի 26-ին Երևանում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Եթե անդրադառնանք տնտեսության մեջ ընթացիկ զարգացումներին, ապա կարելի է նկատել, որ մենք վեց-յոթ ամսվա կտրվածքով 12-13% աճ ունենք արդյունաբերության ոլորտում` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: Դա նշանակում է, որ արդյունաբերությունն աճում է միջին տնտեսական ցուցանիշներից ավելի արագ տեմպերով, ինչն ուրախացնում է, քանի որ Հայաստանը եղել է, կա և կլինի արդյունաբերական երկիր»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, նախարարը հանդես է գալիս երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման կողմից: Եվ այստեղ կառավարությունն ուղենիշ է վերցրել թիրախային մոտեցման և զանազան ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների անցկացման միջոցով կարգավորել իրադրությունը բոլոր ճյուղերում և անգամ ենթաճյուղերում:

Իսկ ինչ վերաբերում է արտահանման ծավալների աճին, ապա, Տիգրան Դավթյանի խոսքով, այս տարի աճի տեմպերը (25-30%) այստեղ գերազանցում են անցյալ տարվա ցուցանիշները: «Գտնում եմ, որ այդ միտումները կպահպանվեն, իսկ դա նշանակում է, որ մեր արտադրանքը սպառման նոր շուկաներ է գտնում»,- ընդգծել է նա: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման աճին նպաստելու է էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Արդյունաբերության ոլորտում ռազմավարական քաղաքականությունը` ուղղված արտահանմանը»: