26 օգոստոսի 2011 - 15:16 AMT
ԿԳՆ-ն մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ է տալիս բարձրացնել աշխատանքի որակը

Կրթության և գիտության նախարարությունից արձագանքել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, ըստ որի հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտվել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը :

"Հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունը, ցավով արձանագրելով իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ:

Կրկին տեղեկացնում ենք` "Մաթեմատիկա" առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել: Գուցե, ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի և բովանդակության մեջ, նկատի է ունեցել "Հանրահաշիվ 7-9 դասարանների համար" դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության "Просвещение" հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը: Հեղինակը` ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ս. Մ. Նիկոլսկին, բնականաբար չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ",- ասվում է ԿԳն տարածած հաղորդագրության մեջ:

ԿԳՆ-ից անհանգստություն են հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների հապճեպության և պակաս արհեստավարժության կապակցությամբ. "Կարծում ենք` նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը և զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք, պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից”:

ԿԳՆ-ից պատրաստակամություն են հայտնում աջակցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի և մակարդակի բարձրացնելու հարցում: