26 օգոստոսի 2011 - 17:43 AMT
ԿԱՐԾԻՔ
Այն, ինչ Apple է, ուրեմն լա՞վն է

Երկու օր է, ինչ ինտերնետում գրեթե բոլորը խոսում և գրում են Apple-ի հիմնադիր և արդեն նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի մասին։ Հատկապես ամերիկյան մամուլի ՏՏ բաժինն ամբողջապես կենտրոնացել է Apple-ի վրա։

Իհարկե, Սթիվը հզոր դեմք էր Apple-ի պատմության մեջ և ընդհանրապես ՏՏ աշխարհում, սակայն նմանատիպ տեղեկատվական հոսքը կարող է նաև նյարդայնացնել և այլ կերպ ընկալվել։ Այնպիսի տպավորություն է, թե Սթիվ Ջոբսը կնքել է իր մահկանացուն։ Իսկ այդ մարդն ընդամենը հրաժարվել է իր պաշտոնից և ցանկանում է բուժվել քաղցկեղից։

Չնայած, Apple-յան այս տեղեկատվական հոսքը զարմանալի չէ։ Apple-ը կարծես ամերիկյան մամուլի «սիրելին» լինի։ Ցանկացած փոքր նորություն կամ լուր դառնում է մամուլի համար «լեզվի փաթաթան»։ Բոլոր ամերիկացի ՏՏ լրագրողները առավոտից երեկո փորձում են նոր բան հնարել` կրկին Apple-ի մասին գրելու համար։

Apple-ի ցանկացած արտադրանք, հատկապես iPhone-ներն ու iPad-ները տարվա նշանակալից իրադարձություններն են։ Դրանց շուրջ ամեն օր նոր լուրեր են հորինվում և կրկին անաղբյուր և չճշտված մնում։ Պետք է նշել, որ անգամ Google-ի պես հսկա ընկերությունը նման աղմուկ չի կարողանում բարձրացնել մամուլում, որքան Apple-ը։ Apple-ը, կարծես, շատ պրոֆեսիոնալ PR ունեցող «աղանդ» լինի։

Հայաստանում ձևավորվել է մի կարծրատիպ` այն, ինչ Apple է, ուրեմն լավն է։ Միգուցե ԱՄՆ-ում է էլ կա նույն կարծրատիպը և եթե կա, ապա այն հատկապես տարածված է ամերիկացի լրագրողների շրջանում։ Իսկ միգուցե հենց լրագրողնե՞րն են ստեղծել այդ կարծրատիպը։

Apple ընկերությունը հիմնադրվել է 1976թ-ին։ Այն հատկապես հայտնի է իր iPod շարժական նվագարկիչներով, iPhone հեռախոսներով և iPad պլանշետային համակարգիչներով։ Երկու օր առաջ Սթիվ Ջոբսը հայտարարեց Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Սթիվ Ջոբսի հրաժարականով Apple-ի ակցիաները ընկան 5 %-ով։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News