
Երևանի կենտրոնը Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոն օրերին կունենա 100% լուսավորություն ողջ գիշեր։ Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Խաչատուրյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ այդ օրերի ընթացքում քաղաքի բոլոր արձանները և 50 օբյեկտ լուսավորված են լինելու։
«Այս պահին ավարտված է 24 օբյեկտի լուսավորություն։ Լուսավորված են լինելու նաև Հաղթանակի և Կիևյան կամուրջները։ Այնպես կլինի, որ մշտապես ցանկացած տոնական օրերին Հայաստան ժամանող զբոսաշրջիկները ողջ գիշեր քաղաքը լուսավորված տեսնեն։ Լուսավորության հարցերով զբաղվող թիմում բոլոր աշխատողները հայ մասնագետներ են։ Կան թե՛ ճարտարապետներ, թե՛ լույսի մասնագետներ, թե՛ դիզայներներ»,- ասաց Արթուր Խաչատուրյանը։
Ըստ Արթուր Խաչատուրյանի, խոշոր օբյեկտները ունենալու են լուսավորության մի քանի ռեժիմ, որպեսզի տոն օրերի լուսավորությունը տարբերվի սովորական օրերի լուսավորությունից։
«Երեկ կատարել ենք հեռուստաաշտարակի լուսավորության փորձարկումը։ Այն չի լինելու շատ ճչացող։ Ընդհանրապես աշտարակը պարբերաբար մաքրում և ներկում են, այդ հաշվի առնելով, այնպիսի լույսեր են տեղադրված, որոնք չեն ծանրացնում կառույցը»,- նշեց Արթուր Խաչատուրյանը։
Արթուր Խաչատուրյանի խոսքով, Երևանի հեռուստաաշտարակը լուսավորված է լինելու քիչ հոսանք ծախսող, սակայն երկարաժամկետ Led լուսարձակներով, որոնք արտադրվել են Չինաստանում։ Հեռուստաաշտարակը 312 մետր է, որից 200-ն արդեն մոնտաժված են լույսերով։
Արթուր Խաչատուրյանը խոստանում է, որ Երևանը տոն օրերին անճանաչելի է լինելու։