«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 2-րդ փուլի (Աշտարակ-Թալին) հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակներում օգոստոսի 17-24-ը անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ ազդեցության ենթակա 16 համայնքներում
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 2-րդ փուլի (Աշտարակ-Թալին) հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակներում 2011 թվականի օգոստոսի 17–24-ը հանրապետության 16 համայնքներում անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ` ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ (որոշման փոփոխությունը` 23 հունիսի, N 977-Ն) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողատարածքների ազդեցության ենթակա անձանց հետ:
Հանդիպումներն անցկացվեցին համայնքների, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի, Ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի նախագծային և գնահատող խորհրդատու կազմակերպությունների ղեկավարների ու մասնագետների մասնակցությամբ:
Փարպի, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Կոշ, Ուջան, Արուճ, Շամիրամ, Կաքավաձոր, Դավթաշեն, Ն.Բազմաբերդ, Ներքին և Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Եղնիկ և Թալին համայնքներում անցկացված հանդիպումների ընթացքում ներկայացվեցին հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքը, փուլերը, ազդեցության ենթակա անձանց տրվելիք փոխհատուցման հաշվարկման սկզբունքները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Պարզաբանվեցին նաև հնարավոր բողոքարկման մեխանիզմները: Մասնագետները պատասխանեցին հանրությանը հուզող հարցերին, լսեցին հնչեցված առաջարկությունները:
Հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ շեշտվեց, որ հողի ֆիզիկական օտարումն ու շինարարական աշխատանքները կարող են սկսվել միայն հողի օտարման և փոխհատուցումների տրամադրման գործընթացի ավարտից հետո: