Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատասխանել են ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրությանը` նշելով, որ ԿԳՆ-ն պաշտպանվում է ապատեղեկատվության միջոցով:
“Միևնույն ժամանակ փաստենք, որ արհեստավարժության կոչերով հանդես եկողները կամ ընդամենը փորձում են հասարակությանը մոլորեցնել պարզամիտ հնարքներով, կամ իսկապես տեղյակ չեն, որ «մաթեմատիկա» հասկացությունը բաղկացած է երկրաչափությունից, մաթեմատիկական անալիզից, ինչպես նաև հանրահաշվից”,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԳՆ է ուղարկվել իրավախախտում հայտնաբերելու վերաբերյալ որոշում, որտեղ շատ հստակ ներկայացվել են նախարարության կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ մանրամասները, դեպքի հանգամանքները և իրավական հիմնավորումները:
“Մարդու իրավունքի խախտման բուն դեպքի մասին մտահոգվելու և սեփական համակարգային լուրջ խնդիրները լուծելու կարողություն դրսևորելու փոխարեն, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձում է էժան որակումներով և խիստ պաշտպանական նախահարձակմամբ վնասել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ինչպես արդեն իսկ վնասել է այդ ինստիտուտին դիմած քաղաքացու իրավունքի իրացմանը”,- գրված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան ՄԻՊ գրասենյակից ահազանգել էին, որ ԿԳՆ-ն հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: ԿԳՆ-ից պատասխանել էին, որ ՄԻՊ-ը տարածել է իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներով տեղեկատվություն: