27 օգոստոսի 2011 - 13:19 AMT
Armacad. Գիտության անբավարար ֆինանսավորումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը

Ծաղկաձորում բացվել է «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» սեմինար քննարկումը: Ինչպես հայտնել է լրագրողներին Armacad խմբի հիմնադիր և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Գևորգյանը, նրանց նպատակն է հասնել հայկական գիտության ֆինանսավորման բարձրացման և կառավարության ու հասարակության կողմից գիտնականների նկատմամբ հարգանքի: Նա նշել է, որ հիմա գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ 0.24-0.25 տոկոսը` մոտավորապես 22 մլն դոլար, իսկ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում այդ ցուցանիշը ցածր է միայն Ղրղզստանի մոտ: «Ֆինանսավորման նվազագույն շեմը պետք է լինի ՀՆԱ 1 տոկոսը: Ավելի քիչ ֆինանսավորումը վտանգավոր է և կարող է սպառնալ ազգային անվտանգությանը»:

Խաչիկ Գևորգյանը բերել է մի քանի այլ թվեր, որոնք վկայում են հայկական գիտության ողբալի դրության մասին: Այսպես, նա նշել է, որ Հայաստանում 4.500 գիտնականներ կան, իսկ խորհրդային Հայաստանում նրանք 27 000 էին: Հիմա գիտնականների միջին տարիքը կազմում է 58 տարեկան, իսկ ողջ աշխարհում այն կազմում է ոչ ավել, քան 40 տ:

Նրա խոսքով, սեմինարի ընթացքում քննարկվելու են հայկական գիտությունը ֆինանսավորելու ուղիները, և դրա հետ կապված նա նշել է, որ իրենք մեծ հույսեր են կապում ոչ միայն պետբյուջեի, այլ նաև մասնավոր հատվածի, միջազգային համագործակցության և գրանտերի հետ:

Սեմինարի կազմակերպիչներն են Facebook սոցիալական ցանցում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամները, Armacad կազմակերպությունը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան՝ Երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: