27 օգոստոսի 2011 - 13:33 AMT
Քաղաքագետ. Ալիևի ռեժիմն այնքան ուժեղ է, որ կարող է դիմակայել ցանկացած քաղաքական հեղափոխության

Արաբական երկրներում տեղի ունեցող դեպքերն ակնհայտորեն անհանգստացնում են Իլհամ Ալիևին: Արաբական երկրների ռեժիմը, մասնավորապես Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմը շատ երկար ժամանակ օրինակ էր Ադրբեջանի ղեկավարության համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, նմանակելով Քադաֆիին, Ալիևը գրեթե ամբողջությամբ «ոչնչացրել» է ադրբեջանական ընդդիմությունը: «Այն փոքր ցույցերը, որոնք կազմակերպում է ադրբեջանական ընդիմադիր Մուսավաթ կուսակցությունը, չեն կարող կարևոր դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում»,- ասել է քաղաքագետը և հավելել, որ Ալիևի ռեժիմն այնքան ուժեղ է, որ կարող է դիմակայել ցանկացած քաղաքական հեղափոխության: Ադրբեջանում իշխանությունը տապալելու համար անհրաժեշտ է ոչ թե քաղաքական, այլ կրոնական հեղափոխություն:

Իր հերթին քաղաքագետ Նարեկ Գալստյանը համաձայնվել է նրա հետ, որ Ալիևի ռեժիմը կարող է դիմակայել ցանկացած քաղաքական հեղափոխության: Դրա հետ կապված նա նշել է, որ տվյալ պահին երկրում հեղափոխության հնարավորությունը շատ փոքր է: