ՄԻՊ. Որոշ մարմիններում սեփական սխալներն ընդունելու կամքի բացակայությունը բարեփոխումների ամենամեծ խոչընդոտն է

PanARMENIAN.Net - Այսօր՝ օգոստոսի 29-ինՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ամփոփել է վերջին օրերին Կրթության և գիտության նախարարության հետ ունեցած խնդիրները: Գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ այդ ամենը ցավալիորեն վերածվեց անընդունելի բանավեճի, ինչի արդյունքում կարելի է արձանագրել, որ «պետական որոշ մարմիններում սեփական սխալներն ու բացթողումները ընդունելու կամքի բացակայությունը բարեփոխումների ամենամեծ խոչընդոտն է»:

Հայտարարության մեջ կրկին փաստվում է, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը եւ դեռևս ոչինչ չի ձեռնարկել այդ խախտումը վերացնելուուղղությամբ:

«Նման եզրահանգման հիմք են ծառայում հետևյալ անհերքելի փաստերը.

Փաստ 1. 2011թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունեցել 2011-2012 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների երկրաչափության դասագրքերի մրցույթ:

Փաստ 2. Քաղաքացի Հովհաննես Բարսեղյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած դիմում-բողոքով հայտնել է, որ մրցույթը ընթացել է մրցակիցների միջեւ անհավասար պայմաններում, ինչպես նաեւ ներկայացրել է հիմնավոր պնդումներ՝ մրցույթի ընթացքում տեղի ունեցած շահերի բախման վերաբերյալ:

Փաստ 3. Անձը, լինելով մրցութային հանձնաժողովի անդամ, եղել է շահած գրքի թարգմանչի կողմից նախկինում ներկայացված եւ շահած գրքերի մասնագիտական խմբագիրը: Անթույլատրելի է կոլեգիալ կազմի անդամի առնչությունը որոշումների կայացման գործընթացին, քանի որ նա նախկինում գործել է ի շահ այդ գործընթացի մասնակիցներից որևէ մեկի, կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակի շահագրգռված լինելու մասին, ինչը կասկած է հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ: Այս մասին ուղղակիորեն հղում է պարունակում նաեւ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, ինչը վարչական վարույթի իրականացման ընթացքում դիտվում է որպես բացարկի հիմք:

Փաստ 4. Բողոքի քննարկման ընթացքում ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է, որ դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը հստակ կանոնակարգված չեն, սահմանված չեն նաեւ հանձանաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:

Փաստ 5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, բացառապես օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Մինչդեռ, մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական մեխանիզմները հստակ ձեւակերպված չեն, ինչպես նաև կանոնակարգված չեն հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները:

Այսպիսով, մրցույթի կազմակերպումն ու անցկացումը՝ առանց քաղաքացու իրավունքների իրականացման կարգի իրավական կարգավորման, արդեն իսկ խախտում է քաղաքացու իրավունքները»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---