ՀՀ փոխվարչապետն ու Չինաստանի դեսպանը քննարկել են Արմեն Գևորգյանի այցը Չինաստան

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր՝ օգոստոսի 29-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Զրուցակիցներն անդրադարձան փոխվարչապետի Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներին: Երկուստեք այցը համարվեց արդյունավետ` երկկողմ հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից:

Փոխվարչապետը դեսպանին տեղեկացրեց այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` նշելով, որ հանդիպումներում հիմնականում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, և երկուստեք դրանք զարգացնելու պատրաստակամություն է հայտնվել: Մասնավորապես կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակները միավորող կազմակերպությունների միջև կապերի հաստատման խրախուսումը, գործարարների միջև ուղիղ շփումները, որոնց նպաստելու են գործարար համաժողովները, ցուցահանդեսներն ու տոնավաճառները: Առաջիկայում նման տոնավաճառ է անցկացվելու Ուռումչիում, որին ակնկալվում է նաև հայ ձեռներեցների մասնակցությունը: Հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձվել հայկական վերամշակող ձեռնարկությունների արտադրանքը Չինաստան արտահանելու հարցերին:

Ա. Գևորգյանը նշեց, որ այցի արդյունքներով հրավիրված խորհրդակցությանը հանձնարարականներ կլինեն ոլորտային գերատեսչություններին` ուղղված ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուն: «Շատ անելիքներ կան հարաբերությունների ընդլայնման առումով, և հուսով եմ, կկարողանաք նոր թափ հաղորդել դրանց զարգացմանը»,-նշեց նա:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Հայաստան է հրավիրել ՉԺՀ պետխորհրդի առաջին փոխվարչապետին, ՉԺՀ առևտրի նախարարին, միջազգային առևտրի աջակցության հանձնաժողովի նախագահին` տեղում համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և իր ներդրումն ունենալ փոխգործակցության խթանման գործում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---