30 օգոստոսի 2011 - 12:40 AMT
ԱՄՆ-ում բացվելու է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 17-ին Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կայանալու է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում է գրադարանը, ցուցահանդեսից մեկ օր առաջ Բոսթոնի Fairmont Copley Plaza-ում կայանալու է ցուցահանդեսին նվիրված ընդունելություն:

Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908թ-ին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում:

Ցեղասպանությունից իրենց կյանքը փրկելու համար ծնողները, երեք երեխաների հետ, որոնցից ավագը Հովսեփ-Յուսուֆն էր, ստիպված են լինում փախչել Սիրիա, որտեղից երկու տարի հետո Քարշի ծնողները բավականաչափ գումար հավաքելուց հետո իրենց ավագ որդուն ուղարկում են Կանադա, որտեղ Շերբրուկ քաղաքում ապրում էր նրա մորեղբայրը` լուսանկարիչ Ջորջ (Գրիգոր) Նաղաշը:

1941 թ. դեկտեմբերի 30-ին Քարշը լուսանկարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլին՝ Օտտավայի Համայնքների պալատում ելույթի ժամանակ: Life ամսագրում Չերչիլի դիմանկարի տպագրվելուց հետո Քարշի պատվիրատուներին թիվ չկար: Քարշի լուսանկարների ամենահայտնի հերոսների թվում են ԱՄՆ 12 նախագահները, Հռոմի 4 Պապերը, Բրիտանիայի բոլոր վարչապետները, խորհրդային առաջնորդներ Խրուշչովը, Բրեժնևը և Գորբաչովը, Ալբերտ Էյնշտեյնը, Նելսոն Մանդելան, Օդրի Հեփբերնը, Էռնեստ Հեմինգուեյը, Սոմերսեթ Մոեմը, Պաբլո Պիկասոն, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտը և այլոք:

Քարշի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 100 այն մարդկանցից, որոնց International Who`s Who (2000 թ.) հրատարակությունը դասել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց շարքին, դիմանկարային լուսանկարի վարպետ Յուսուֆ Քարշը լուսանկարել է 51-ին: