30 օգոստոսի 2011 - 18:51 AMT
«Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետը ձերբակալվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) այսօր՝ օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Հարկ է նշել, որ ըստ հայկական ԶԼՄ-ների, ոստիկանության 6-րդ վարչությունը վերջին ամսվա ընթացքում ստուգումներ է անցկացրել Ճանապարհային ոստիկանության համակարգում: Նրանց տվյալների համաձայն, հայտնաբերված խախտումների թվում է ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Սերգեյ Կարախանյանի կողմից 40 տոննա բենզինի յուրացումը: Նույն այդ ԶԼՄ-ների համաձայն, Ճանապարհային ոստիկանության ստուգումների ետևում կանգնած է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը ցանկանում է ամեն գնով հասնել Մարգար Օհանյանի հրաժարականին: