30 օգոստոսի 2011 - 19:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի հեռուստաաշտարակի տակ Սոսն ու Վարդիթերը «Չինական պատ» են կառուցում

Երևանի կենտրոնից հստակ երևում է Նորք-Մարաշի լանջին ձգվող մոտ 1 կմ երկարությամբ և մի քանի մետր բարձրությամբ հսկայական պատը, որի շինարարությունը բուռն շարունակվում է: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց տեղում պարզել` ինչ պատ է դա, որքանով է օրինական և որ կազմակերպությունն է կատարում շինարարական աշխատանքները:

Շինարարության հրապարակում ոչ մի ցուցանակ չկա, որն արդեն իսկ օրենքի խախտում է: Աշխատող բանվորները հրաժարվեցին որև բան ասել, իսկ աշխատանքերը ղեկավարող ոմն «Սևը» PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ պատի շինարարությունը նախատեսում են ավարտել մինչև հունվար: Հարցին, թե ի վերջո ինչ են կառուցում, Սևը պատասխանեց. «Հունվարին կգաս կտեսնես»: Նա նշեց, որ շինարարության համար պատասխանատու են ինքն ու իր բանվորները, իսկ շինարարական ընկերության անունը «Սոս և Վարդիթեր» է:

Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին, որ պատը գտնվում է Նորք-Մարաշում, հետևաբար` պետք է դիմել տվյալ վարչական շրջանի պատասխանատուին: Վերջինս` Արմենը, նշեց, որ առաջին անգամ է լսում պատի մասին և մեծ ցանկություն հայտնեց այն տեսնելու: 10 րոպե անց Արմենը տեղեկացրեց, որ պատն իրականում գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, և լավ կլինի հենց այդ տարածքի պատասխանատուի հետ խոսել:

Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուն, որը հրաժարվեց ներկայանալ, լսելով հարցը, զարմացավ: Շատ արագ գտավ Արմենին, հարցրեց` «ինչի ես իմ վրա գցել», նա էլ պատասխանեց, որ դա Կենտրոնում է, թող Կենտրոնն էլ պատասխանի:

Այնուհետև Կենտրոնի պատասխանատուն խոսափողը փոխանցեց «այդ հարցով զբաղվողին», նշեց`«Հարութի պատի հարցով են զանգել, առ պատասխանի»: «Այդ հարցով զբաղվողը» ասաց, որ «ամեն ինչ օրինական է, բոլոր թղթերն իրենք ունեն»: Եթե ցուցանակ չկա, դա օրենքի խախտում չի: Իսկ թե ինչ են կառուցում, ասել չի կարող: Պետք է դիմել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղ ի դեպ երկու օր է չեն պատասխանում հեռախոսազանգերին:

ՖՈՏՈՇԱՐՔ