30 օգոստոսի 2011 - 19:28 AMT
Արցախում անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում է հայտարարվել

Օգոստոսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն իր արտահերթ նստաշրջանում հավանություն է տվել ԼՂՀ նախագահի նախաձեռնությամբ և նրա առաջարկած «ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԼՂՀ ԱԺ որոշման նախագծին: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտնեց, որ անցած քսան տարում ԼՂՀ-ում սա 6-րդ համաներումն է, ընդ որում` բոլոր համաներումները մեծամասամբ համընկել են երկրի պետական-քաղաքական կարևոր իրադարձությունների հետ` «յուրաքանչյուր անգամ բխելով պետության, իշխանությունների մարդասիրական դերակատարությունից և առաքելությունից»: Համաներման նախագծի վերաբերյալ քվեարկությունից հետո ԱԺ նախագահը խորհրդարանի պատգամավորական կազմի և աշխատակազմի անունից շնորհավորանքներ հղեց երկրի ժողովրդին, աշխարհի հայությանը, Արցախի՝ տարբեր երկրներում բնակվող բոլոր բարեկամներին ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ։

Համաներմամբ ազատ կարձակվի ազատազրկման մեջ գտնվող անձանց շուրջ 25 տոկոսը, և պատժից կազատվեն ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված բոլոր անձինք, իսկ կարճման ենթակա որոշակի քրեական կամ դատական գործերի ընդհանուր թիվը տատանվում է առկա գործերի 60-80 տոկոսի միջև։