31 օգոստոսի 2011 - 10:40 AMT
ԱՄՆ մահմեդականները վրդովվել են սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին մանկական «ներկիր ինքդ» գրքից

«Մենք երբեք չենք մոռանա 9/11» մանկական «ներկիր ինքդ» գիրքն առաջացրել է ամերիկյան մահմեդականների դժգոհությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ամերիկաիսլամական հարաբերությունների հարցերով խորհրդի Միչիգանի բաժնի ղեկավար Դաուդ Վալիդը նշել է, որ գրքում չեն նշվում ահաբեկչությունների ժամանակ մահացած մահմեդականների անունները կամ այն մասին, որ շատ մահմեդականներ դատապարտում են ահաբեկիչներին. «Մահմեդական կամ իսլամ բառերը գրքում ուղեկցվում են «ահաբեկիչ» և «ծայրահեղական» բառերով»:

Իր հերթին Really Big Coloring Books հրատարակչության ներկայացուցիչները, որոնք թողարկել են գիրքը, նշել են, որ գիրքը 19 ահաբեկիչների մասին է, որոնք սպանել են 3 հազար հոգու: «Ավելին, հրատարակչության կողմից անցկացված հետազոտության համաձայն ծնողների մեծամասնությունը հասկացնել են տվել, որ չեն ցանկանում քաղաքականապես կոռեկտ գիրք»,- հայտարարել է հրատարակչության ներկայացուցիչ Ուեյն Բելը: