31 օգոստոսի 2011 - 16:34 AMT
Հայաստանը մասնակցելու է Չինաստանի «Չինաստան-Եվրասիա» առաջին ցուցահանդեսին

Սեպտեմբերի 1-5-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրական Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի է ունենալու «Չինաստան-Եվրասիա» առաջին ցուցահանդեսը, որի շրջանակներում անցկացվելու է ՙԵվրոպական յուրահատուկ սննդամթերքների և գյուղատնտեսական ապրանքների զարգացման ցուցահանդես՚, որին հրավիրված է մասնակցելու նաև ներկայացուցիչներ Հայաստանից:

Ցուցահանդեսը միտված է բարձրացնելու եվրոպական արտադրության յուրահատուկ գյուղատնտեսական ապրանքների ճանաչելիությունը չինական սպառողների շրջանում, ինչպես նաև հարթակ ստեղծելու տվյալ ոլորտում համագործակցության համար:

ՙԵվրոպական յուրահատուկ սննդամթերքների և գյուղատնտեսական ապրանքների զարգացման ցուցահանդես՚-ի կազմակերպիչներն են հանդիսանում` ՉԺՀ կոմերցիայի նախարարությունը իսկ գործադիր կազմակերպիչը` ՙGENETEC International Advertising and Exhibition Co.Ltd՚-ին: Վերոնշյալ ցուցահանդեսի հայկական կողմի մասնակցության կազմակերպիչն է հանդիսանում Զարգացման հայկական գործակալությունը:

ՙԵվրոպական յուրահատուկ սննդամթերքների և գյուղատնտեսական ապրանքների զարգացման ցուցահանդես՚-ին մասնակցում են երկու հայկական ալկոհոլ արտադրող ընկերություններ` ՙԵրևանի կոնյակի գործարան՚ ՓԲԸ և ՙՊտղնի Գոլդ՚ ՍՊԸ, իսկ ՙՉինաստան-Եվրասիա՚ առաջին ցուցահանդեսին մասնակցում է ՙՋերմուկ Գրուպ՚ ՓԲԸ: