31 օգոստոսի 2011 - 16:37 AMT
Հանրապետության հրապարակում հյուրանոցի կառուցումը հեղինակության հարց է լուծում. ճարտարապետ

Հանրապետության հրապարակում նոր հյուրանոցի կառուցումը որոշ ճարտարապետների անձնական հեղինակության հարցն է, հեղինակության հիմքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն նման կարծիք հայտնեց ճարտարապետ Իրինա Հարությունյանը` հավելելով, որ քաղաքաշինական խորհրդի անդամները «սոված են ու վաճառված»: «Ոչ մի հիմք, բացատրություն, գոյության իմաստ չկա այս հյուրանոցի կառուցման համար: Դա նախագիծ չէ, դիպլոմային աշխատանք է»,- նշեց բանախոսը:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը նույնպես այն կարծիքին է, որ քաղաքաշինական խորհրդի անդամները կախված են քաղաքապետարանից: Նա նշեց, որ ՀԿ-ների ու էկոլոգների համար քաղաքաշինության ներկա իրավիճակի դեմ պայքարելը շատ դժվար է, քանի որ առկա է փողի ու շահի գործոնը:

Ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը նույն համատեքստում անդրադարձավ նաև շենքերի ֆասադների բարեկարգմանը: Նա նշեց, որ երևույթը լավ է ու գովելի: Միաժամանակ բանախոսը ֆասադների ներկումը համեմատեց վատառողջ ներքին օրգաններ ունեցող մարդու մազերը ներկելու հետ` նշելով, որ «հազար ու մի սոցիալական խնդիրներ ունենք»: Բանախոսը հիշեցրեց, որ մեր հանրապետությունը չի կոչվում Հայաստանի Էլիտար Հանրապետություն և այսքան էլիտար շենքերի կարիքը չկա: Կարինե Դանիելյանն էլ հավելեց, որ նորակառույց անմարդաբնակ շենքերը դառնում են ազգային անվտանգության խնդիր։ «Ո՞ւմ համար են նախատեսվում այդքան շենքերը։ Պարսկաստանում, Արաբական երկրներում հեռուստատեսությամբ գովազդում են, հրավիրում են գալ, գնել Երևանի կենտրոնի բնակարանները»: