Վայքի հիվանդանոցի բժշկուհին հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները

Վայքի հիվանդանոցի բժշկուհին հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները

PanARMENIAN.Net - Երեկ լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած դեպքը՝ կապված Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչի անպատասխանատու վերաբերմունքի հետ, այսօր «Հայկական ժամանակում» ներկայացված է այլ լույսի ներքո՝ բժշկուհու վարկածի համաձայն: Մասնավորապես այդ բժշկուհին՝ Մետաքսյա Հովհաննիսյանը, թերթի հետ զրույցում նշել է, որ 30 տարվա մանկաբարձ-գինեկոլոգը չէր կարող այդքան անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել իր աշխատանքի նկատմամբ և ողջ պատմությունն ու աղմուկը շոու է որակել:

Բժշկուհին բացատրել է, որ անալգին-դիմեդրոլ-պապավերի ներարկում նշանակվում է այն ժամանակ, երբ կա կեղծ ծննդաբերություն: «Ծննդաբերությունից մի քանի օր առաջ ես նշանակել եմ, որպեսզի կեղծ ծննդաբերության այդ կծկանքները դուրս գան, և դրանից ներարգանդային երեխան չտուժի»,- ասաց բժշկուհին, նշելով նաև, որ նա չէր կարող երեխային վնասած լիներ, քանի որ մանկաբարձուհին է ընդունում ծննդաբերությունը, այլ ոչ թե բժիշկը: Նա նաև հայտնել է, որ դատական բժիշկ չի հանդիսանում, որպեսզի սպասեր նորածնի մահվանը նրան հերձելու համար: Բժշկուհին ընդգծել է, որ ԱԱԾ-ում աշխատող եղբոր անուն չի տվել և կնոջ հարազատների անտակտ ու բռի վերաբերմունքի ժամանակ միայն սպառնացել է, որ ոստիկանություն կզանգի, անհրաժեշտության դեպքում նաև Երևանից համապատասխան օրգանների աշխատողներ կհրավիրվեն:

Մետաքսյա Հովհաննիսյանը նաև հերքել է այն, որ իբր բուրդ չփխելու պատճառով է ուշ եկել հիվանդանոց: Նա պատմել է թերթին, որ ծնվելուց հետո երեխան շատ թույլ է եղել, չի շնչել, չի լացել, ինչը ինքը՝ բժշկուհին, կապել է երեխայի պարանոցին պորտալարի փաթաթվելու հետ: Հետագայում երեխային արդեն տեղափոխել են Երևան «Հերացի» հիվանդանոց:

Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից` քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Նախօրեին «Չենք լռելու»-ի ակտիվիստները մեկնել են ահազանգի հետքերով:

Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:

«Չենք լռելու»-ն տարածել է տեսանյութ, որում կնոջ հարազատները՝ Ավետիք Իխպիարյանը և Ծովինար Խաչատրյանը, պատմում են իրողությունը:

Տեսանյութում նշվում է, որ սա միակ նման դեպքը չէ, և եթե բարձրաձայնվի, ապա էլի դեպքեր կհայտնաբերվեն, որոնք հանդիսանում են Մետաքսյա Հովհաննիսյանի անմարդկային վերաբերմունքի արդյունք:

Երեկ բարձրացված աղմուկից հետո Առողջապահության նախարարությունում հանձնաժողով է ստեղծվել դեպքը քննելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---