1 սեպտեմբերի 2011 - 10:49 AMT
Հայաստանի նախագահ. Գիտելիքը մեր ազգի ապագայի և հզորության գրավականն է

Այսօր` սեպտեմբերի 1-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Հանրապետության ղեկավարի ուղերձում մասնավորապես ասված է.

«Գիտելիքը մեր ժողովրդի և ողջ մարդկության դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդներին: Պարտավոր է փոխանցել անխաթար, հնարավորինս ամբողջական և հարստացրած: Ազգերը պահպանում են իրենց ազգային նկարագիրը, և մարդկությունը պահպանում է իր մարդկային նկարագիրը առաջին հերթին բնական և հոգևոր գիտելիքների փոխանցմամբ: Սա մեր արժեքային համակարգի հարատևության, ինչպես նաև ապագայի և հզորության գրավականն է, քանզի գիտելիքն իսկապես ուժ է:

Ե՛վ ուսուցման, և՛ ուսումնառության գործընթացները բարդ են ու դժվարին: Աշխարհում ոչ մի հասուն մարդ հեշտությամբ լուրջ արդյունքներ չի արձանագրել: Իմ կոչն է թոթափել ամառային արձակուրդների անհոգությունն ու թեթևությունը և տրամադրվել ծանր աշխատանքի:

Այսօր սեպտեմբերի 1-ն է, և լայնորեն բացվում են մեր ուսումնական հաստատությունների դռները: Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արգասաբեր ուսումնական տարի»,- հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: