
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանել ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կալանավորման հարցը: «Այս պահի դրությամբ հատուկ քննչական մարմինը հետաքննություն է անցկացնում այդ գործի վերաբերյալ և օրերս իր եզրակացությունը կներկայացնի դատարանին, որն էլ կորոշի նրան կալանավորելու հարցը»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է նոր նշանակմանը, ապա, ըստ Ալիկ Սարգսյանի, դիտարկվում է 8-10 հավակնորդի թեկնածություն: «Օրերս կներկայացնեմ ճանապարհային ոստիկանության պետի թեկնածուին: Կաշխատեմ ընտրել այնպիսի մարդու, որը կաշխատի հենց ՃՈ աշխատանքի բարելավման ուղղությամբ և կկատարի իր անմիջական պարտականությունները»,-ասել է Ալիկ Սարգսյանը: Նա հավաստիացրել է, որ իր անձնական վերահսկողության տակ է վերցրել բենզինի բաշխման գործընթացը: Նա հավաստիացրել է նաև, որ ոչ մի բողոք ստորաբաժանումներից, այդ թվում մարզային, չի սատցել: «Հակառակ դեպքում, ես ավելի արագ կարձագանքեի և այսօր մենք չէինք հայտնվի նման ամոթալի իրավիճակում»,-ասել է ոստիկանապետը:
Միաժամանակ Ալիկ Սարգսյանը հաստատել է, որ Մարգար Օհանյանի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ և չի բացառել նաև, որ վերջինս կարող էլ չարաշահել այդ հանգամանքը:
Օգոստոսի 31-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՃՈ պետ Մարգար Օհանյանը և տեղափոխվել է կադրային ռեզերվ:
Օգոստոսի 30-ին Մարգար Օհանյանը ձերբակալվել է քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՃՈ բենզինի խոշոր չափաքանակի յուրացման փաստով:
Ալիկ Սարգյսանը հավելել է նաև, որ աշխատանքից ազատվելու մասին դիմում չի ստացել Մարգար Օհանյանի եղբորից՝ Երևանի Նորք-Մարաշ համայնքի թաղապետ Մուշեղ Օհանյանից: