1 սեպտեմբերի 2011 - 17:08 AMT
Բաքուն տեղեկություն չունի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հավանական նոր հանդիպման մասին

Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Երկու երկրների նախագահների միջև 10 հանդիպում է տեղի ունեցել, իսկ մամուլում խոսվում է առաջիկա 11-րդ հանդիպման մասին: Սակայն, մենք դեռ նման տեղեկատվություն չունենք»,-ասել է նա: Ըստ նրա, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փորձել է ինչ-որ առաջխաղացման հասնել, եռակողմ հանդիպումներ կազմակերպելով, սակայն արդյունք դեռ չկա: « Այնուամենայնիվ, մեծ աշխատանք է կատարվել, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ Բաքուն « կողմ է բանակցությունների շարունակմանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակներում»: Ըստ նրա, Ադրբեջանը «կողմ է բարիդրացիական հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ»:

Նախօրեին, ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը ՄԱԿ-ի 66-րդ նստաշրջանի շրջանակներում, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: