2 սեպտեմբերի 2011 - 11:02 AMT
Բակո Սահակյանը շնորհավորել է Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ:

Այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետականաշինության բարդ խնդիրներ, պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, դրել տնտեսության դինամիկ զարգացման հիմքերը եւ հաստատակամորեն կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա: Արցախում անկեղծորեն ուրախանում ենք ձեր բոլոր հաջողություններով:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ:

Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն ձեզ բոլորիդ»: