2 սեպտեմբերի 2011 - 13:54 AMT
Լարիսա Ալավերդյան. Հայերի մեծամասնությունը լիովին չի գիտակցում, թե ինչ մեծ նշանակություն ունեցավ ԼՂՀ հռչակումը

Հայերի մեծամասնությունը լիովին չի գիտակցում, թե ինչ մեծ նշանակություն ունեցավ ԼՂՀ անկախության հռչակումը: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ԼՂՀ անկախության 20-ամյա հոբելյանին:

Միաժամանակ նա նշել է, որ Արցախի համար պայքարը եղել է պայքար հանուն միասնական Հայաստանի և ողջ հայության: «ԼՂՀ անկախության հռչակումն ունի պատմական, բարոյական և իրավական նշանակություն և իր տեղը կունենա Հայաստանի պատմության մեջ»,- ասել է նա:

Իր հերթին պատմաբան Էդիկ Մինասյանը, համաձայնվելով Ալավերդյանի հետ, նշել է, որ հայերը նվաճել են ԼՂՀ անկախությունը: «Այսօր մենք ունենք ազատ, անկախ Արցախ, որն արդեն ձևավորել է իր պետականությունը»,- ասել է նա և հավելել, որ այդ մասին վկայում են երկրի ինչպես տնտեսական տվյալները, այնպես էլ զարգացման հեռանկարները:

1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Նիստում ընդունվեց ԼՂՀ Անկախության հռչակագիրը: