2 սեպտեմբերի 2011 - 15:14 AMT
Թուրքիան շարունակում է ներողություն պահանջել Իսրայելից, այս անգամ սպառնալով ետ կանչել դեսպանին

Թուրքիան սպառնացել է ետ կանչել Իսրայելից իր դեսպանին, եթե պաշտոնապես ներողություն չստանա «Ազատության տորմիղի» բռնազավթման հետ կապված միջադեպի համար: Այդ մասին հայտնում է «Հաարեցը», հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին:

Ըստ Դավութօղլուի, Իսրայելը սեպտեմբերի 2-ին վերջին հնարավարությունը կունենա պաշտոնապես ներողություն խնդրել թուրք քաղաքացիների մահվան համար, երբ կհրապարակվի ՄԱԿ-ի 105-էջանոց զեկույցն այդ միջադեպի մասին: Եթե Իսրայելը հերթական անգամ հրաժարվի ներողություն խնդրել, Թուրքիան ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել:

Մասնավորապես, ինչպես պարզաբանել է թուրք նախարարը, կնվազեցվի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը երկու երկրների միջև: Թուրքիան ետ կկանչի Իսրայելից իր դեսպանին ու փոխդեսպանին: Թուրքիայից կարտաքսվի Իսրայելի դեսպան Գաբի Լեվին և նրա տեղակալ Էլլա Աֆեկը:

Անկարան նաև սպառնացել է կասեցնել առևտրային հարաբերությունները Երուսաղեմի հետ: Ապրանքաշրջանառությունը երկրների միջև հասնում է մի քանի միլիարդ դոլարի: Թուրքիան նաև քրեադատավարական միջոցներ կձեռնարկի՝ օգնելով տուժածների ընտանիքներին հայցերով դիմել միջազգային դատարաններ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, մտադիր չէ ներողություն խնդրել: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, «ՑԱԽԱԼ»-ի ներկայացուցիչները խոստացել են զերծ պահել գործողության մասնակիցներին Թուրքիայի հետապնդումներից:

ՄԱԿ-ի զեկույցի պատճենը հրապարակվել է The New York Times-ում: Հանձնաժողովը եզրակացության է եկել, որ հրեաները զենք են կիրառել նավի վրա ինքնապաշտպանության նպատակով: Ընդ որում, հատուկ նշանակության ուժերի գործողությունները ճանաչվել են «արտակարգ և չհիմնավորված», իսկ հետագա շփումը ուղևորների հետ՝ վիրավորական:

Թուրքիայի ԱԳՆ-ն հրաժարվել է ճանաչել միջադեպի հետաքննության արդյունքները: Ինչպես նշում է «Հաարեցը», Դավութօղլուն կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոքով հանդես գալ զեկույցի վաղաժամկետ հրապարակման դեմ, հայտնում է Լենտա.ռու-ն: