2 սեպտեմբերի 2011 - 15:47 AMT
Տիգրան Սարգսյանը անձամբ ծանոթացել է Սարակապ գյուղի դպրոցի նոր պայմաններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Շիրակի մարզ` մասնակցելու Սարակապ համայնքի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Ուսումնական հաստատությունը վերակառուցվել է «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում: Կառավարության ղեկավարը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում՝ ծանոթացել վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին:

Սարակապի դպրոց հաճախող աշակերտների թիվը ներկայում հասնում է 117-ի, սակայն դպրոցը հնարավորություն ունի ընդունելու 216 աշակերտ: Ուսումնական հաստատության վերակառուցման նպատակով ներդրվել է 537 մլն դրամ: Այն ունի մարզական և հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատուն, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր: Դպրոցն ամբողջովին կահավորվել է, համալրվել կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով:

Դպրոցի մասնաշենքում գործելու է նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ 24 երեխայի համար:

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին՝ կրթական հաստատության բացման և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նշել է, որ դպրոցաշինությունը կառավարության առաջնահերթ ծրագրերի թվում է: «Նման հիասքանչ դպրոցները նոր շունչ են հաղորդում նաև գյուղական կյանքին և ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ ձևավորում վստահություն, ինչն այսօր ամենակարևորն է մեր երկրում», - ասել է Տիգրան Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Սարակապի դպրոցն իր ուսուցիչների աշխատանքի և աշակերտների՝ գիտելիքին նվիրման աստիճանով, կլինի հանրապետության լավագույն դպրոցներից մեկը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: