2 սեպտեմբերի 2011 - 16:43 AMT
Մոսկովյան օդանավակայանները կարող են դադարեցնել աշխատանքը. չի բավականացնում վառելիքը

Մոսկովյան օդանավակայանները դժվարություններ ունեն ավիացիոն կերոսինի առաքումների հետ կապված: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով սեփական աղբյուրներին ավիացիոն շուկայում: Ինչպես նշել է աղբյուրներից մեկը, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մոսկովյան ավիահանգույցի օդանավակայանները վառելիքի պակաս են զգում: Ըստ նրա, սեպտեմբերի 5-10, եթե վիճակը չշտկվի, օդանավակայանների աշխատանքն ուղղակի կանգ կառնի: Նախորդ շաբաթ բորսաներում ավիավառելիքի առաջարկը եղել է 5 հազար տոննա, այն դեպքում երբ պահանջարկը կազմում է 270 հազար տոննա: Նորմալ իրավիճակում, ամեն շաբաթ բորսաներում առաջարկվում է 30-70 հազար տոննա ավիացոին վառելիք: «Օդանավակայանները խնդրում են բացել պետպահուստները»,-հայտարարել է մեկ այլ աղբյուր:

Ըստ երրորդ աղբյուրի, ամենից շատ պակաս է զգում «Շերեմետևո» օդանավակայանը: «Դոմոդեդովոյի» պաշարները 2 անգամ ավելի են, քան «Շերեմետևոյում», իսկ «Վնուկովոյում» պաշարները սահմանափակ են»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ ավիավառելիքի պակասը կապված է պաշտպանության նախարարության պատվերի հետ: