2 սեպտեմբերի 2011 - 17:05 AMT
Երևանը Ստեփանակերտին նվերներ է մատուցել

ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրել է քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ` հատուկ քաղաքային այգիների և շենքերի հարակից տարածքերի սիզամարգերի հարթեցման համար խոտհնձիչներ, քաղաքային աղբամաններ, փողոցային լուսավորության անհրաժեշտ պարագաներ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի առայժմ միակ գործող Մուրացանի անվան գրադարանը համալրվել է շուրջ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ: Դպրոցներին և մանկապարտեզներին էլ մարզական գույք է տրվել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջիկայում Ստեփանակերտի երկու մուտքերի մոտ և կենտրոնական հրապարակում կտեղադրվեն մեծ ժամացույցներ:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաքն այսուհետև կունենա նաև Արտակարգ իրավիճակների կառավարման նոր համակարգ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նեղ մասնագիտական ուղղվածության թվով 18 բարձրակարգ բժիշկներ 3 օր շարունակ Ստեփանակերտի համաբուժարանում, 2 հիվանդանոցներում և Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցում ընդունել են հարյուրավոր հիվանդների: