2 սեպտեմբերի 2011 - 17:11 AMT
Հայաստանում Վիկ Դարչինյանի առաջին մենամարտի տոմսերը գրեթե սպառվել են

Երևանում «Հայաստանն աշխարհի դեմ» բռնցքամարտի երեկոյի, որի շրջանակում կկայանա աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի առաջին մենամարտը Հայաստանում, տոմսերը գրեթե սպառվել են: Վաճառքում մնացել են միայն 10-25 հազ. դրամ արժողությամբ տոմսերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Արամ Խաչատրյանի անվ. մեծ ֆիլհարմոնիկ համերգասրահի դրամարկղից:

Վաճառքում 6000 տոմս է եղել` 5-25 հազ. դրամ արժողությամբ, իսկ VIP գոտու տոմսերի արժեքը տատանվում էր 30-100 հազ. դրամի սահմանում:

«Հայաստանն աշխարհի դեմ» բռնցքամարտի երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Մենամարտերը կմեկնարկեն երևանյան ժամանակով 19:00-ին, և գլխավոր մենամարտում իրենց ուժերը կչափեն IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու Էվանս Մբամբան (ՀԱՀ):

Մինչ այդ տեղի կունենան Ազատ Հովհաննիսյան (Հայաստան) – Սերգեյ Պասիմով (Լատվիա), Գաբրիել Տոլմաջյան – Եվգենի Ֆեոդորով (Էստոնիա) և Հովհաննես Ժամկոչյան – Միխայիլ Գոգոաշվիլի (Վրաստան) մենամարտերը: Ծրագրված է նաև կանանց մենամարտ, որտեղ հայազգի Ագնեսսա Բոժայի մրցակիցը կլինի Մարինա Սախարովան (Ֆրանսիա), որը դեռևս չի ժամանել Հայաստան:

Մենամարտերը կդատեն Իտալիայից, Ավստրալիայից և Անգլիայից ժամանած մրցավարներ: