2 սեպտեմբերի 2011 - 17:31 AMT
ԵԽԽՎ նախկին նախագահ. ԵՄ չափազանց պասիվ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Այն, որ Ռուսաստանն ակտիվացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, շատ դրական երևույթ է, ինչը չի կարելի ասել ԵՄ մասին, որը շատ պասիվ է կարգավորման գործընթացում: Նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ նախկին նախագահ, այժմ` Յարլ Յալմարսոնի ժողովրդավարության ֆոնդի նախագահ Գորան Լենմարկերը, հաղորդում է ԱՊԱ-ն:

«Եվրոպան իր տարածքում այսօր ԵՄ անդամ հանդիսացող ժողովուրդների միջև բազմաթիվ պատերազմներից հետո խաղաղության կառուցման, բարեկեցության և ժողովրդավարության հաստատման եզակի փորձ ունի: Հարկավոր է ամենաուժեղ աջակցությունը ցուցաբերել երեք հարավկովկասյան երկրներին, ինչը ենթադրում է Միությանն անդամակցելու հնարավորություն»,- նշել է դիվանագետը` ավելացնելով, որ դա երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության առկա ստատուս-քվոյին` Լենմարկերը նկատել է, որ Մադրիդյան սկզբունքներն առավել ընդունելի առաջարկն է երկու կողմերի համար. «Երկու երկրներում հասարակական կարծիքը պետք է հասկանա, որ խաղաղ լուծումը պետք է փոխզիջումային լինի: Կողմերից ոչ մեկը չի բավարարելու իր բոլոր պահանջները: Սակայն այն խաղաղ լուծումը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ձեռնտու է երկու կողմերին»: