Անդորրա-լա-Վելլա մարզադաշտում երևանյան ժամանակով 21:00-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Անդորրայի հետ

Անդորրա-լա-Վելլա մարզադաշտում երևանյան ժամանակով 21:00-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Անդորրայի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Անդորրա-լա-Վելլա մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ հանդիպումը կանցկացնի Անդորրայի հավաքականի հետ: Խաղը կմեկնարկի երևանյան ժամանակով 21:00-ին: Անդորրայի հավաքականը միակն է, որին հայկական թիմը միշտ հաղթել է և առջևում է 5:0 հաշվով:

Ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը, որը կայացավ 2010թ. հոկտեմբերի 8-ին Երևանում` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, հայ ֆուտբոլիստները 4:0 հաշվով ջախջախեցին հակառակորդին, գոլի հեղինակ դարձան Գևորգ Ղազարյանը, Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանն ու Մարկոս Պիզզելլին:

Այս հանդիպման համեմատ Հայաստանի հավաքականում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը, իսկ կենտրոնական հարձակվող Ռոբերտ Արզումանյանը չի կարողանա մասնակցել խաղին վնասվածքի պատճառով: Նա բաց կթողնի նաև Սլովակիայի հավաքականի հետ հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 6-ին: Այդ ֆուտբոլիստների փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտագրել է Արթուր Սարկիսովին, որը հանդես է գալիս Յարոսլավլի «Շիննիկում» և իրանական «Սանաթ Նաֆթայի» պաշտպան Վալերի Ալեքսանյանին:

Հավաքականները հանդես են գալիս EURO-2012 ընտրական մրցաշարի B խմբում, Հայաստանի հավաքականը 8 միավորով 4-րդ տեղում է, իսկ Անդորրան առանց միավորի եզրափակում է ցուցակը: Իռլանդիայի, Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները 13-ական միավորով զբաղեցնում են 1-3-րդ տեղերը: Մակեդոնիան 4 միավորով 5-րդ տեղում է և մրցելու է Ռուսաստանի հետ, Իռլանդիան իր հարկի տակ կընդունի Սլովակիային:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---