3 սեպտեմբերի 2011 - 13:21 AMT
Հայաստանում «արտակարգ քաղաք» է կառուցվում

Սեպտեմբերի 3-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, նվիրված Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի ձևավորման 20-ամյակին: Ինչպես հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԻն-ը մեծ նշանակություն ունի ոչ միայն աղետների հետևանքների վերացման տեսակետից, այլ նաև սոցիալական, նյութական ու տնտեսական ռիսկերի նվազեցման առումով: Նախարարը նշել է,որ ԱԻՆ-ը լուրջ փոփոխությունների է ենթարկվել անցյալ տարվա ընթացքում: «Կառուցվում է «արտակարգ քաղաք», որտեղ կտեղակայվեն ԱԻն բոլոր ստորաբաժանումները: Արագ տեմպերով կառուցվում է ՀՀ ամենասեյսմակայուն շենքերից մեկի շինարարությունը, որտեղ կտեղակայվի աղետների կառավարման կենտրոնը»,-նշել է նա: Երիցյանը նշել է նաև, որ նախարարությունը միայնակ չի կարող հակազդել աղետներին, «դրա համար մենք պետք է միավորվենք ու միասին աշխատենք»:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև վերջին իրադարձություններն աշխարհում, հարկ է նշել, որ ԱԻՆ-ը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար»: Վարչապետն ընդգծել է, որ հարկավոր է պայքարել ոչ միայն բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ, այլ պետք է «կարողանանք կանխատեսել և պատրաստ լինենք դիմակայել աղետներին»:

Միջոցառման ընթացքում ԱԻՆ տասնյակ աշխատակիցներ արժանացան վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԱԽ, ոստիկանության, դատախազության, ԱԱԾ ու ՊՆ պարգևներին: