3 սեպտեմբերի 2011 - 13:33 AMT
Ռուսաստանը համաձայն չէ Սիրիայի դեմ պատժամիջոցների հետ

Ռուսաստանը հանդես է եկել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների դեմ, այդ թվում նաև նրանց, որոնք վերաբերվում են սիրիական նավթի վրա ԵՄ էմբարգոյին, հաղորդում է Ինտերֆաքսը: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը, միակողմանի պատժամիջոցները լավ բանի չեն հանգեցնի. «Դա խարխլում է ցանկացած ճգնաժամի նկատմամբ գործընկերային մոտեցումը»:

Եվրամիությունը սեպտեմբերի 2-ին էմբարգո է ներմուծել Սիրիայից նավթամթերքի մատակարարումների առնչությամբ, հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով դիվանագետներին: Արգելքի ներմուծումն արձագանք էր ընդդիմադիրների դեմ ռազմական գործողությունները դադարեցնելուց Բաշար Ասադի հրաժարվելուն:

Իտալիայի խնդրանքով արդեն կնքված գործարքների համար էմբարգոն կսկսի գործել 2011թ. նոյեմբերի 15-ից: ԵՄ երկրներ էր մատակարարվում արտահանվող սիրիական նավթի մոտ 95 տոկոսը: Ավելի վաղ նման արգելք էին սահմանել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ընդհանուր առմամբ, Սիրիայի ամենամյա շահույթը արտասահմանում նավթամթերքի վաճառքից գնահատվում է 4 միլիարդ դոլար:

Բացի նավթամթերքի ներկրման վրա էմբարգոյից ԵՄ-ն ու ԱՄՆ-ը մի շարք այլ պատժամիջոցներ են սահմանել Ասադի վարչակարգի նկատմամբ: Նրանք նախատեսում են սառեցնել հաշիվներն ու արգելել Սիրիայում ժողովրդական ելույթների ճնշման ուժային մեթոդների կիրառմանը մասնակից պաշտոնյաների մուտքը ԱՄՆ և ԵՄ երկրներ:

Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին 2011թ. մարտին: Տարբեր քաղաքներում ընդդիմադիրների ելույթները դաժանորեն ճնշվում էին անգամ այն բանից հետո, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ խոսակցության ժամանակ Բաշար Ասադը խոստացավ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, գրում է Lenta.ru-ն: