3 սեպտեմբերի 2011 - 14:23 AMT
Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն այլընտրանք չունի, գտնում է Դավիթ Ջամալյանը

Ազգային քաղաքական հակամարտությունների լուծումը մետրոպոլիաների կողմից անկլավների անկախության ճանաչման միջոցով այլընտրանք չունի: «Դրա մասին է վկայում համաշխարհային փորձը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա նշել է, որ այդ ճանաչումը տևական ժամանակ է պահանջում, քանի դեռ այդ երկրները չեն գիտակցել, որ դա անխուսափելի է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ապա, ըստ Ջամալյանի, դրա համար անհրաժեշտ է, որ ադրբեջանական հանրությունը փոխվի: «ԼՂՀ անկախությունը ճանաչելուն պատրաստ չեն ոչ ադրբեջանական հանրությունը, ոչ քաղաքական վերնախավը»,-նշել է նա: Փոփոխությունների առաջին փուլն, ըստ փորձագետի, պետք է լինի ադրբեջանական հանրության կողմից այն փաստի գիտակցումը, որ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի: Ըստ նրա, չնայած Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարություններին, մի փոքր տեղաշարժ այդ ուղղությամբ նկատվում է: «Ադրբեջանական քարոզչության միակ հաջողությունն ադրբեջանական հանրության շրջանում հայատյացության արմատացումն է»,-նշել է նա:

Ջամալյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակին՝ նշելով, որ Արցախն ունի կայացած պետականություն և Ադրբեջանի բոլոր նկրտումներն անհեթեթ են: Նա նաև հավելել է, որ սեպտեմբերի 21-ին Երևանում կայանալիք զորահանդեսն ու ներկայացվելիք ռազմական տեխնիկան ի չիք կդարձնեն հարցը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի հույսերը: