Այօսր` սեպտեմբերի 3-ին Արցախում մեկնարկեց «ԲարՔեմփ Արցախ 2011»-ը: Մասնակիցներն այժմ գտնվում են Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցում, որտեղ ընթանում է տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված չկոնֆերանսը:
«ԲարՔեմփ Արցախ 2011»-ին մասնակցում է 60 մարդ Հայաստանից և Սփյուռքից և 40 մարդ հենց Արցախից:
Հայաստանից և Սփյուռքից ժամանած մասնակիցները երեկ ներկա եղան Ստեփանակերտում անցկացվող Արցախի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Իսկ այսօր շնորհանդեսների ավարտից հետո մասնակիցները կշրջեն Շուշիում և կայցելեն Դադիվանք:
«Արցախի կրթական հիմնադրամ»-ի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը չկոնֆերանսի բացման ժամանակ նշեց, որ «ԲարՔեմփ Արցախի» անցկացման վայրն ընտրվել է Շուշին քարոզչական տեսակետից: Նա խնդրեց չկոնֆերանսից հետո Շուշիի մասին տեղեկություններ տարածել ինտերնետում:
Չկոնֆերանսի կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով ապահովում է «Արմինկո» ընկերությունը։ Հայաստանում չկոնֆերանսն առաջին անգամ անցկացվել է 2009թ-ին, որին հաջորդել են «ԲարՔեմփ Երևան» 2010 և 2011-ը։ Իսկ Արցախում առաջին անգամ այն կայացել է անցյալ տարի։
BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։