3 սեպտեմբերի 2011 - 15:09 AMT
ԱՊՀ երկրների ղեկավարները նշել են ԱՊՀ տարածքի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

ԱՊՀ երկրների նախագահները հանդես են եկել հայտարարությամբ , որտեղ ամփոփել են ԱՊՀ գործունեության 20-ամյա արդյունքները, նշելով ԱՊՀ տարածքի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Արձանագրելով արտաքին առևտրի ծավալների կայուն աճ, համագործակցության մասնակից երկրները ձգտում են կատարելագործել ու խորացնել տնտեսական համագործակցությունը մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ, որն ընդունվել է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փաստաթղթում ասվում է, որ այս փուլում առանցքային խնդիրր է համարվում ազատ առևտրի գոտու ձևավորումը:

ԱՊՀ երկրների ղեկավարները վստահ են նաև, որ կազմակերպության հաջող զարգացման կարևոր պայման կհանդիսանա առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը: «ԱՊՀ զարգացման համար կարևոր նշանակություն կունենա առկա հակամարտությանների խաղաղ կարգավորումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները համաշխարհային քաղաքակնության առանցքային հարցերի շուրջ:

«ԱՊՀ 20-ամյա գործունեության գլխավոր արդյունքը փոխշահավետ համագործակցության զարգացումն է, որը բխում է ԱՊՀ անդամ պետությունների ազգային շահերից»,-ասվում է հայտարարության մեջ: