
«Կարծում եմ, որ 6-րդ կամ 7-րդ ռաունդում Դարչինյանը Մբամբային նոկաուտի է ենթարկելու, մարտը լինելու է տեսարժան և շատ գեղեցիկ, բռնցքամարտի սիրահարները մեծ հաճույք են ստանալու»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը:
Իր հերթին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը խոստովանել է, որ ծանոթ չէ Մբամբայի ոճի հետ, բայց համոզմունք է հայտնել, որ Դարչինյանն անպայման հաղթելու է: «Յուրաքանչյուր մենամարտում Վիկը ձգտում է հաղթանակի, նրա համար տարբերություն չկա, թե ով է մրցակիցը»,- ասել է նա:
Երկու մարզիչներն էլ համոզված են, որ Երևանում բռնցքամարտի երեկոն նպաստելու է Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը, բացի դրանից բոլոր հայերը սիրում են Դարչինյանին և վերջապես հնարավորություն ունեն հետևել հայրենիքում նրա ելույթին:
«Բոլոր հայ բռնցքամարտիկները, որոնք ռինգ են դուրս գալու, պայքարելու են հանուն հաղթանակի: Ես շատ լավ գիտեմ Ազատ Հովհաննիսյանին և Գաբրիել Տոլմաջյանին, ովքեր հանդես են եկել մեր հավաքականի կազմում, և բոլորին այսօր հաջողություն ենք մաղթում»,- ասել է Մեհրաբյանը: