ԱՄՆ-ն կոչ է անում Իսրայելին ու Պաղեստինին շարունակել բանակցությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը նախկինի պես գտնում է, որ Պաղեստինի պետականության հռչակումը հնարավոր է միայն Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում, ոչ թե ՄԱԿ-ի մանդատի հիման վրա, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

«Վարչակազմը վստահ է, որ պաղեստինցիները չեն կարող պետականություն ստանալ ՄԱԿ-ի մանդատով ու քվեարկությամբ: Միակ ճանապարհը Իսրայելի հետ բանակցություններն են: Վարչակազմը կոչ է անում կողմերին շարունակել խաղաղ բանակցությունները»,-ասել է Քարնին լրագրողներին նախագահական ինքնաթիռում՝ նախագահ Օբամայի Նյու Ջերսի ուղևորության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մարտին պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ, որպեսզի վերջինս ճանաչի անկախ Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններոյւմ՝ Հորդանան գետի Արևմտյան ափի, Գազայի հատվածում, մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով: Այդ հայտարարությունն առաջացրեց Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների խիստ քննադատությունը, որոնք միակողմանի համարեցին այդ քայլն ու հորդորեցին շարունակել 2010թ. սեպտեմբերին խզված Իսրայելի հետ բանակցությունները:

Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, ինչպես նաև կիսել Երուսաղեմը պաղեստինցիների հետ՝ հայտարարելով այն «իր հավերժ ու անբաժան մայրաքաղաքը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---