5 սեպտեմբերի 2011 - 15:35 AMT
Վահագն Սահակյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է նոկաուտով չորրորդ հաղթանակը

Հայ բռնցքամարտիկ Վահագն Սահակյանը (Դավիթ Գրաֆ), որը բնակվում և մարզվում է Գերմանիայում, հերթական մենամարտից հետո ժամանել է Հայաստան: Նրա այցի գլխավոր պատճառը IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի միջև մենամարտն էր:

Սահակյանն իր չորրորդ մենամարտն անցկացրել է օգոստոսի 27-ին Վիկտոր Շալայի դեմ (Հունգարիա), որին հաղթել է նոկաուտով առաջին իսկ ռաունդում: «Իմ մրցակիցը շատ փորձառու բռնցքամարտիկ էր, պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 55 մարտ: Ես շատ մանրակրկիտ էի պատրաստվել և 1 րոպե 33 վայրկյանում նրան նոկաուտի ենթարկեցի»,- ասել է Գրաֆը:

Նախորդ երեք մենամարտերում նույնպես հայ բռնցքամարտիկը նույնպես հաղթանակ է տարել նոկաուտով: Նրա խոսքով, նա ռինգ է դուրս գալիս ոչ թե հանուն նոկաուտի, այլ հանուն հաղթանակի և գեղեցիկ մենամարտի:

«Դավիթն առայժմ անցկացնում է 4-ռաունդանոց մենամարտեր, բայց արդեն դեկտեմբերից անցնելու է 6-ռաունդանոց մարտերի: Նա մտնում է աշխարհի 200 լավագույն բռնցքամարտիկների ցուցակի մեջ, իսկ Գերմանիայում բռնցքամարտիկների վարկանիշում զբաղեցնում է 7-րդ տեղը»,- ասել է Սահակյանի մենեջեր և մարզիչ Ժիրայր Գրաֆը: